ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողների մասնագիտական պրակտիկան կազմակերպվում և իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթության չափորոշչին և ուսանողների մասնագիտական պրակտիկայի կանոնակարգին համապատասխան` պահպանելով կրթական գործընթացի անընդհատության, հաջորդայնության և շարունակականության սկզբունքը:

2013թվականից Մանկավարժական համալսարանում ներդրվել է շարունակական մանկավարժական պրակտիկայի նոր մոդել և պրակտիկայի թղթապանակի կիրառման ընթացակարգ։ Նշված նորարության շրջանակներում ուսանողները պրակտիկայի ընթացքում կիրառում են թղթապանակներ, որոնցում ամփոփվում են նրանց անհատական և թիմային աշխատանքի, իրավիճակային վերլուծության և գործունեության ինքնավերլուծության արդյունքները։

Ուսանողների մասնագիտական պրակտիկան ուսանողների կրթական ծրագրի մասն է և իրականացվում է կոնկրետ մասնագիտական գործունեության ոլորտներում՝ պրակտիկայի հիմնարկի և համալսարանի կողմից նշանակված ղեկավարների հսկողությամբ և անմիջական աջակցությամբ։

Պրակտիկայի նպատակը ուսանողների մասնագիտական կոմպետենցիաների զարգացումն է, մասնագիտական և կազմակերպչական կարողությունների ձեռքբերումը կոնկրետ գործունեության ընթացքում, ինչպես նաև ուսումնական նախագծերի, ինքնուրույն հետազոտական աշխատանքների համար ուսումնական ռեսուրսների հավաքագրումն ու ընդհանրացումը:

Մասնագիտական պրակտիկան կազմակերպվում է ՀՊՄՀ-ի և կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, որոնցում ամրագրվում են կողմերի իրավունքներն ու փոխադարձ պարտականությունները։ Պրակտիկայի կազմակերպման ուղղությամբ մանկավարժական համալսարանը համագործակցում է շուրջ երկու տասնյակ դպրոցների և մանկապարտեզների, 30 մշակութային հաստատությունների, հատուկ և վերականգնողական կենտրոնների, հետազոտական ինստիտուտների և այլ կազմակերպությունների հետ։

Պրակտիկայի ղեկավարումն իրականացվում է ՀՊՄՀ-ի Պրակտիկայի կենտրոնի, համապատասխան ֆակուլտետի, մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ամբիոնի և/կամ պրակտիկայի բազայի կողմից նշանակված համապատասխան մասնագետների միջոցով:

Պրակտիկայի անցկացման ժամկետները սահմանվում են ՀՊՄՀ-ի ֆակուլտետների կողմից բարձրագույն մասնագիտական կրթության չափորոշչի և պրակտիկայի առարկայական նկարագրի (ծրագրի) հիման վրա՝ հաշվի առնելով ուսանողների տեսական պատրաստվածությունը և պրակտիկայի բազայի տեխնիկական հնարավորությունները:

Համալսարանի բոլոր պրակտիկաները մշտադիտարկվում են առցանց ուսուցման Google classroom համակարգային գործիքների օգնությամբ։

ՀՊՄՀ-ի բակալավրի կրթական ծրագրերով  իրականացվում է մասնագիտական պրակտիկայի երկու տեսակ՝ ուսումնական և մանկավարժական:

Ուսումնական պրակտիկան, որպես կանոն, կազմակերպվում է ոչ մանկավարժական մասնագիտությամբ սովորողների համար և միտված է զարգացնելու բակալավրի ուսանողների գիտելքիներն ու կարողությունները իրենց մասնագիտական կամ հարակից ոլորտներում:

Մանկավարժական պրակտիկա. կազմակերպվում է որպես կանոն, կրթական գործունեություն իրականացնող կամ հարակից ոլորտի կազմակերպություններում և միտված է զարգացնելու ուսանողների՝ մանկավարժական գործունեություն իրականացնելու կարողությունները: Մանկավարժական պրակտիկայի ընթացքում ուսանողներն իրականացնում են մանկավարժական գործունեություն, ունենում խորհրդատու մասնագետներ՝ մանկավարժ, հոգեբան և մեթոդիստ, սովորում են հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակները, վերհանել ուսումնական դժվարությունները, հանդես գալ որպես աշակերտների մասնագիտության ընտրության խորհրդատու, ինչպես նաև աշխատել ուսուցչի օգնական, դասղեկ, կազմակերպել արտադասարանական և արտադպրոցական դաստիարակչական աշխատանքներ, իրականացնել դասավանդում և գնահատում։

2016 թվականից համալսարանում ներդրվել է բակալավրի կրթական ծրագրով սովորողների պրակտիկայի արդյունքների պաշտպանության ընթացակարգ, որի համաձայն, պրակտիկայի յուրաքանչյուր շրջափուլի ավարտին պաշտպանում են իրենց պրակտիկայի արդյունքները՝ համալսարանի կողմից նշանակված հանձնաժողովի կողմից գնահատվում։ Պրակտիկայի միջին գնահատականն այնուհետև կազմում է սովորողի ամփոփիչ ատեստավորման գնահատականի 20 տոկոսը։

Մագիստրոսի կրթական ծրագրով ևս իրականացվում է մասնագիտական պրակտիկայի երկու տեսակ՝ հետազոտական և մանկավարժահետազոտական։

Հետազոտական պրակտիկան, որպես կանոն, կազմակերպվում է անհատական կարգով և բխում է ուսանողի մագիստրոսական թեզի պահանջներից ու բովանդակությունից և անհատական հետազոտական աշխատանքի պլանից:

Մանկավարժահետազոտական պրակտիկան, որպես կանոն, կազմակերպվում է դպրոցներում, միջին, արհեստագործական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, միտված է մագիստրատուրայի ուսանողների՝ մանկավարժական գործունեություն իրականացնելու կարողությունների զարգացմանը: Մագիստրատուրայի մանկավարժահետազոտական պրակտիկան ևս կազմակերպվում է երկու շրջափուլերով՝ ուսումնաճանաչողական և կիրառական մանկավարժական:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթանում և մասնակցում են ուսումնական հաստատության մասնագիտական ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի, առարկայական կաբինետի, լաբորատորիայի, արհեստանոցի աշխատանքներին ուսումնական գործընթացի կազմակերպման գործնական եղանակներին, համապատասխան ամբիոնի կամ առարկայի դասավանդման և ուսումնառության գործընթացին, փաստաթղթերի բովանդակությանն և կառուցվածքին, տվյալ առարկայի դասերին, կատարում դասալսումներ, վարում դասալսումների օրագրեր, մասնակցում պարապմունքների վերլուծությանը, սեմինարներին, գիտական կոնֆերանսներին, կատարում գրառումներ, կազմում պրակտիկայի թղթապանակ, ինչպես նաև դասավանդում են բակալավրի կրթական ծրագրի տարբեր կուրսերում:

2018-2019 ուս․ տարվանից մագիստրոսական պրակտիկաների ամփոփման նպատակով համալսարանում կազմակերպվում են հետազոտական պրակտիկայի սեմինարներ։

 

Նորություններ